ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով քննված քրեական գործի նախաքննություն:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության եւ ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման` բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ քրեական գործով ապացույցներ կեղծելու մեջ:
Քրեական գործերից մեկի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր, բնակարանային գողությունների մեջ մեղադրվող Սեյրան Գալստյանը ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց հանիրավի մեղադրել է ծանր հանցագործության կատարման մեջ: Սեյրան Գալստյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 22.06.2017թ.-ին հաղորդում է տվել, որ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին բերման ենթարկվելուց հետո նույն բաժնի աշխատակից Հայկ Երիցյանն ու եւս երկու ոստիկան ծեծի են ենթարկել իրեն: Ոստիկանության պաշտոնատար անձինք այդ կերպ պահանջել են ցուցմունք տալ, որ իրեն վերագրվող գողությունները կատարել է իր երեք ընկերների հետ: Ըստ Ս. Գալստյանի` հաջորդ օրը նույն ոստիկանները Արարատի բաժնի ձերբակալվածների պահման վայրի խցում կրկին ծեծի են ենթարկել իրեն ու պահանջել հրաժարվել գործով մյուս կասկածյալների հետ առերեսվելուց:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական ու դատավարական բազմաթիվ գործողությունների, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով եւ գործով ձեռք բերված մյուս ապացույցներով հիմնավորվել է, որ կալանավորը հաղորդում է տվել տեղի չունեցած հանցագործության մասին` ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներին հանիրավի մեղադրելով ծանր հանցագործության, այն է՝ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:
Նշված հանցավոր արարքի կատարման համար Ս. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:


























