ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով քննված քրեական գործի նախաքննություն:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի Մարիետա Խաչատրյանը քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչին հանիրավի մեղադրել է նշված գործով ապացույց կեղծելու մեջ:

Այսպես, Մ. Խաչատրյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 04.08.2017թ.-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Սուրեն Դումանյանը հարցաքննության արձանագրությունում ներառել է իրականությանը չհամապատասխանող՝ իր կողմից չհայտնած ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություն:

Հիշյալ հաղորդմամբ Մ. Խաչատրյանը Ս. Դումանյանին հանիրավի մեղադրել է ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ քրեական գործով ապացույց կեղծելու մեջ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական եւ այլ դատավարական գործողությունների, այդ թվում` հարցաքննված անձանց եւ Մ. Խաչատրյանի ինքնախոստովանական ցուցմունքներով հիմնավորվել է, որ վերջինս գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել նախաքննական մարմնին, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: