Բյուրական գյուղի հարեւանությամբ բռնկված հրդեհի մարման համար օպերատիվ կարգով ԱԻՆ 5 բրիգադ է ուղարկվել։ Այս մասին սեպտեմբերի 7-ին լրագրողներին ասել է ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ ԱԻՆ գեներալ–մայոր Վրեժ Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ հրդեհաշիջման աշխատանքները դեռեւս շարունակվում են։ «Հիմնական քայլերը միշտ արվում են կրակի՝ տվյալ բնակավայրի ուղղությամբ շարժվելը կանխելու համար»,– պարզաբանեց Գաբրիելյանը։
Ընդ որում, նրա խոսքով, Բյուրականում օդային հետախուզության նպատակով ակտիվորեն դրոններ են օգտագործվում։
«Այսպիսով՝ մենք տեղեկություն ենք ստանում եւ այն օգտագործում ենք ծագած հրդեհները չեզոքացնելու համար։ Բյուրականում այս պահին 12 կմ շառավղով աշխատանքներ են ընթանում։ Կրակը տարածվում է 535 հա մակերեսով տարածքում։ Սակայն դա չի նշանակում, որ այրվել է այդքան տարածք։ Այրվել է միայն 100 հա։ Անտառների մասին դեռեւս ոչինչ ասել չենք կարող»,– ասաց Գաբրիելյանը։


























