Հայաստանում ձեւավորվել է հասարակական նոր շարժում՝ հղի կանանց իրավունքների պաշտպանության համար։ Պաշտոնապես այն այլ կերպ է կոչվում՝ ժամանակավոր անաշխատունակ անձանց իրավունքների պաշտպանության նախաձեռնող խումբ։ Խմբի անդամները հիմնականում կանայք են՝ նրանք միմյանց հետ ծանոթացել են facebook սոցիալական ցանցի միջոցով:

Հայաստանի նախագահը նոյեմբերի 24-ին ստորագրեց «Ժամանակավոր անաշխատունակության  մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով տուժում են բարձր աշխատավարձ ստացող հղի կանանց շահերը։ Նոր օրենքով սահմանվել է, որ եթե կինը կամ ժամանակավորապես անաշխատունակ այլ անձը վճարովի արձակուրդ է ստանում, նրան վճարում են ոչ թե լրիվ աշխատավարձը, այլ նվազագույն աշխատավարձի հնգապատիկից ոչ ավելի։ Բացի այդ՝ այդ գումարներից պետք է եկամտահարկ պահվի։ Ներկայումս նվազագույն աշխատավարձը 30 հազ. դրամ է (մոտ 85 դոլար), հունվարի 1-ից կդառնա 32,5 հազ. դրամ (մոտ 90 դոլար): Հետեւաբար՝ հղիության նպաստի առավելագույն չափ է սահմանվել 150 հազ. դրամը (մոտ 420 դոլար), իսկ հունվարի 1-ից՝ 162,5 հազ. դրամը (մոտ 450 դոլար): Սակայն Հայաստանում աշխատող կանանց մոտ 5 տոկոսն ունի ավելի բարձր օրինական աշխատավարձ։ Դրանք հիմնականում միջազգային կազմակերպություններում եւ բանկերում աշխատող կանայք են։ Հենց նրանք էլ տուժում են այս օրենքից եւ իրենց իրավունքների պաշտպանության հասարակական շարժում են սկսել:

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ նախաձեռնող խմբի մամուլի ասուլիսը, վաղը նրանք բողոքի ակցիա կանցկացնեն կառավարության շենքի առջեւ։ Նախաձեռնող խմբի անդամները՝ Դիաննա Հովհաննիսյանը, Մարիամ Դավթյանը, Տաթեւիկ Դավթյանը, միանշանակ պնդեցին, որ իշխանությունների այս քայլը կդրդի բարձր որակավորում ունեցող կին մասնագետներին կամ լքել Հայաստանը, կամ ձեռնպահ մնալ երեխաներ ունենալուց։ Իսկ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը նշեց մի շարք իրավական ակտեր, որոնք խախտվել են սույն չարաբաստիկ օրենքով։ Մասնավորապես՝ խախտվել է Հայաստանի կողմից ստորագրված Սոցիալական խարտիայի 8-րդ հոդվածը, որով աշխատող կանայք ծննդաբերությունից առաջ եւ հետո ապահովվում են առնվազն 14 շաբաթյա վճարովի արձակուրդով (Հայաստանի Աշխատանքային օրենսգրքով այդ արձակուրդը կազմում է 140 օր կամ 20 շաբաթ): Խախտվել է, ըստ Զ. Փոստանջյանի, նաեւ Սահմանադրության 35-րդ հոդվածը, որով յուրաքանչյուր կին հղիության շրջանում վճարովի արձակուրդի իրավունք է ստանում։

Այնքան էլ կարծես թե բնական չէ, որ կնոջ մայրանալու ցանկությունը պայմանավորված է կառավարության նպաստների չափից։ Նախկինում, երբ այդ նպաստները չկային, հայ կանայք ավելի հաճախակի էին հղիանում։ Սակայն մեր ժամանակներում կնոջ սոցիալական կարգավիճակը էական հանգամանք է ընտանիքներում երեխաների թվի համար։ Պատահական չէ, որ կառավարությունն այլ ծրագրերով կարծես թե ընդունում է մայրությունը խրախուսելու քաղաքականությունը։ Սակայն ո՞րն է այդ դեպքում հղիության նպաստները կրճատելու նպատակը։ Այսօրվա ասուլիսին մասնակցող հղի կանանց ելույթներից կարելի էր դատել, որ կառավարությունում աշխատում են բացառապես հայրենադավ, կամ առնվազն տրամաբանությունից զուրկ անձինք։ Զարուհի Փոստանջյանի բնութագրմամբ՝ «խարդախներ»:

Ո՞րն է, այնուամենայնիվ, կառավարության դիրքորոշումը։ Միայն ասուլիսի վերջում լրագրողներին ներկայացվեց մի փաստաթուղթ, որը ստորագրված է կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գեւորգյանի անունով։ Դրանով կառավարության պաշտոնյան նշում է, որ ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ հայ գործատուները հղիության ընթացքում համատարած բարձրացնում են հղի կանանց աշխատավարձը, որպեսզի նրանք բարձր նպաստներ ստանան։ Սրանից էլ տուժում է պետական բյուջեն։ Սակայն սույն պաշտոնյան նշել է նաեւ, որ խնդիրն առկա է, եւ պատրաստ են քննարկել ցանկացած առաջարկություն։

Մի կողմից պետք է արժանին մատուցել կառավարության պաշտոնյայի անկեղծությանը, սակայն սույն նամակը նաեւ տարակուսանք է առաջացնում։ Եթե իսկապես առկա են եղել օրենսդրական սողանցքներ, ապա ինչո՞ւ դրանք չփակել։ Չէ՞ որ կառավարությունն ընդունել է լուծման մի տարբերակ, որով տուժում են բոլոր հղիները, այլ ոչ թե օրենսդրական սողանցքից օգտվողները։ Օրինակ՝ ինչո՞ւ չէր կարելի հղիության նպաստը կապել մինչ հղիանալը վճարվող աշխատավարձի չափի հետ։ Կամ՝ եթե գործատուն հղիության ընթացքում, իմանալով, որ անձը շուտով ֆիզարձակուրդ է գնալու, հանկարծ որոշում է բարձրացնել նրա աշխատավարձը, ապա թող ինքն էլ վճարի նպաստը։ Ինչո՞ւ պետք է պետական բյուջեն ինչ-որ մարդկանց ճարպկության զոհը դառնա։

Փաստ է, որ կառավարության աշխատակազմը նախագահի կողմից ստորագրած օրենքը լավագույն լուծում չի համարում։ Բայց այս ամենի մեջ մեկ այլ հարց հաստատ բաց մնաց՝ իսկ ի՞նչ մոտիվներով են առաջնորդվում կոալիցիայի կին անդամները։

Սամվել Ավագյան