Հայաստանում չեղյալ կհամարվի արտադրության համար ցանկացած սարքավորման կամ հումքի ներմուծումից ԱԱՀ հարկումը: Սեպտեմբերի 11-ին ԱԺ-ում այս մասին հայտարարեց կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ ներկայացնելով ԱԱՀ մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որն առաջարկվում է գործողության մեջ դնել 2018 թվականին:
Առաջարկվում է ԱԱՀ-ն դուրս գրել նաեւ հետին թվով, արդեն ներմուծված սարքավորումից: Իսկ նրանց համար, ովքեր հարկը չեն վճարել, առաջարկվում է ազատել նաեւ ուշացման համար տուգանքներից: Արտոնություն կտրամադրեն ցանկացած ներմուծվող ապրանքի, որն արտադրության համար կարեւոր է՝ լինի սարքավորում թե հումք: «Ի դեպ, կարեւոր չէ՝ այն Եվրասիական միության երկրներից է ներմուծվում, թե Միությունից դուրս: Կարեւոր չէ նաեւ այն, թե արդյոք տվյալ ներդրումային ծրագրին կառավարությունն աջակցել է»,- նշեց Միրույանը:
ԱԱՀ-ն ամբողջությամբ չհավաքելու դեպքում բյուջեն մոտ 40 մլրդ դրամ (80 մլն դոլարից մի փոքր ավելի) կկորցնի, սակայն միայն մեկ տարի ժամկետով. աստիճանաբար դրա փոխարեն կսկսի մուտք արվել նոր ապրանքներից ԱԱՀ-ն՝ արտադրված ներդրումների շնորհիվ:



























