«ժամանակավոր ներմուծման գրքույկների» (ATA Carnet) միջազգային կոնվենցիային միանալը թույլ կտա նկատելիորեն պարզեցնել Հայաստան ժամանակավոր ներմուծումը: Այս մասին սեպտեմբերի 11-ին ԱԺ-ում հայտնեց կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ ներկայացնելով համապատասխան համաձայնագրի նախագիծը:
Համաձայնագրին միացած երկրներն իրենց ավտոփոխադրողներին ժամանակավոր ներմուծման գրքույկ (ATA Carnet) են տալիս: Այն կփոխարինի ուղեկցող բոլոր փաստաթղթերին՝ մաքսային ու տարանցման հայտարարգրերին եւ ապրանքի գրավին:
Այսպիսի գրքույկների տրամադրումը կառավարում է Մաքսային համաշխարհային կազմակերպությունը եւ Առեւտրի միջազգային պալատը: Նրանց մոտ կարող է հավատարմագրվել համապատասխան հայկական ընկերությունը (ավելի շուտ՝ Առեւտրաարդյունաբերական պալատը), որը կսկսի Հայաստանում այս գրքույկները տրամադրել:




























