Հ մշակույթի նախարարությունը շրջաբերական է նախապատրաստում այն գյուղապետների համար, որոնց ղեկավարած համայնքների սահմաններում պատմական գերեզմանատներ ներառող հուշարձաններ կան։
Նախարարությունը նախազգուշացնում է, որ այդ գերեզմանատները նոր թաղումների համար փակ են։
ՀՀ մշակույթի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությունում հուշարձանների վերականգնման բաժնի պետ Գայանե Նազլուխանյանը զեկուցել է, որ Սանահին գործուղման ճանապարհին նույնանման հարցով ահազանգ են ստացել Արդվի գյուղի Ս. Հովհան Օձնեցու մատուռ-դամբարանի տարածքում կատարված նոր հուղարկավորության վերաբերյալ եւ անմիջապես գնացել այնտեղ:
«Ամբողջ տարածքը նայեցինք. իմ եւ խմբի մասնագետների կարծիքով` այնտեղ վերջին մի քանի տարվա ընթացքում թաղում չի եղել։ Քիչ առաջ խոսեցի Օձունի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բազալյանի հետ, որի պնդմամբ` անցյալ տարվա նոյեմբերին եւ այս տարվա հուլիսին այնտեղ նոր թաղումներ են եղել։ Մենք այնտեղ նման բան չենք տեսել»,-ընդգծել է Գայանե Նազլուխանյանը:
Մշակույթի նախարարությունը գրավոր դիմել է Արդվիի գյուղապետին, որպեսզի հետայսու նման բան թույլ չտա հուշարձանի տարածքում։
Նախարարության համապատասխան հանձնաժողովը Սանահինի վանական համալիր էր գործուղվել դատախազության գրության հիման վրա։
Գայանե Նազլուխանյանի փոխանցմամբ` չափագրել են տարածքի պահպանական գոտին, եւ հստակ երեւացել է, որ այնտեղ վերջերս հուղարկավորված մարդու գերեզմանը կիսով չափ գոտուց ներս է։ Կազմվել է նաեւ նախահաշիվ, թե որքան գումար կարժենա տեղաշարժված երկու հին տապանաքարերը վերատեղադրելու համար։ Եզրակացություններն ուղարկվել են Լոռու մարզային դատախազություն։



























