Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Հանրապետական խմբակցության անդամ Լեւոն Իգիթյանը կոպիտ կերպով արտահայտվեց «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների հասցեին:
Իգիթյանին դուր չեկավ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի ակտիվությունը, նա ձայնի իրավունք խնդրեց եւ առաջարկով դիմեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Պարոն քաղաքապետ, ես մի առաջարկություն ունեմ, որ այս պիոներական մակարդակին վերջ տանք: Քաղաքապետարանում պետք ա նորընտիր ավագանիների համար կուրսեր բացել, որ կվալիֆիկացիան բարձրանա, որ էս մեր նիստերը չվերածվեն քննության, արդարացման եւ այլն»:
Մարինա Խաչատրյանը տեղից հակադարձեց Իգիթյանին, որը, սակայն լսելի չէր: «Ձենդ կտրի, «տոժը մնե»,- սաստեց Լեւոն Իգիթյանը:
Այս ամենից հետո Հանրապետական խմբակցության ավագանու անդամները սկսեցին ծիծաղել, ոմանք էլ բարձր գնահատեցին Լեւոն Իգիթյանի պահվածքը: Ծիծաղողների թվում էր նաեւ Տարոն Մարգարյանը:




























