ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է պարզեցնել տնտեսվարողների համար սահմանված ընթացակարգերը. Երեւանի «Ուրբան Լոջիստիկ» մաքսային տերմինալում արդեն գործում է սննդամթերքի, կերերի եւ կերային հավելումների նմուշառման բաժինը՝ արտահանման եւ ներմուծման գործընթացը տնտեսվարողների համար դարձնելով առավել հարմար եւ արագ:
ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դրան հատկապես կնպաստի նմուշառման համար կառուցված՝ ԵՏՄ ստանդարտներին համապատասխան կահավորված եւ ժամանակակից որակյալ տեխնիկայով հագեցած հատուկ սենյակը: Սա եւս մեկ քայլ է՝ ուղղված սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության շրջանակներում իրականացվող՝ ներմուծվող եւ արտահանվող սննդամթերքի նմուշառումը միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններում իրականացնելուն:
«Վերջին սերնդի այս սարքավորումները թույլ են տալիս նմուշառումը կատարել սանիտարահիգիենիկ կատարյալ պայմաններում, ամենաբարձր ճշգրտությամբ՝ բացառելով սխալներն ու ապահովելով անվտանգ եւ որակյալ սննդամթերքի մուտքը մեր երկիր: Դրա երաշխավորը, բնականաբար, նաեւ ՍԱՊԾ նմուշառողների մասնագիտական բարձր պատրաստվածությունն է»,-տերմինալում անցկացված շրջայցի ընթացքում նմուշառման սենյակի առավելություններն է ներկայացրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետի խորհրդական Եղիշե Մարգարյանը:
Գործընթացը լինելու է շարունակական. քայլեր են ձեռնարկվում մաքսային մյուս տերմինալներում եւս Ծառայության նման բաժիններ եւ նմուշառման սենյակներ ստեղծելու ուղղությամբ:































