ՏՀՏ-ն եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության առավել արագ զարգացող բնագավառներից է: Այս մասին նշվել է այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի եւ Համաշխարհային բանկի Տրանսպորտային եւ ՏՀՏ ոլորտի գծով ղեկավար Ջեյն Թրեդվիլի հանդիպման ժամանակ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը, ողջունելով հյուրին, նշել է, որ Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը բազմամյա է եւ չափազանց արդյունավետ: Նա հույս է հայտնել, որ այն կլինի շարունակական։

Նախարարը բարձր է գնահատել նաեւ Համաշխարհային բանկի աջակցության այն ծրագրերը, որոնք վերջին տարիների ընթացքում խթանել են այդ աճին։

Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանում տրանսպորտային համակարգի արդիականացման տեսլականը, որը ենթադրում է որոշակի ՏՏ լուծումների կիրառում։

Նախարարը հույս է հայտնել, որ ապագայում այս նախագծի շուրջ եւս համագործակցության հնարավորություն կլինի ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ ՀԲ-ի կողմից ակնկալվող նոր ծրագրերին, քննարկել արդյունավետ գործակցության հեռանկարները։