Մոսկվայի բնակիչ Սերգեյ Եգորովը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ ինը մարդու սպանության համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Եգորովին դատապարտել են ցմահ ազատազրկման՝ այն պայմանով, որ առաջին հինգ տարիները նա կանցկացնի բանտում, իսկ մնացած ժամկետը՝ հատուկ ռեժիմի գաղութում։

Եգորովը դատարանում խնդրել էր իրեն մահապատժի դատապարտել, որը Ռուսաստանում հիմա չի կիրառվում։

Ամբաստանյալը բազմիցս դատավարության ընթացքում ներողություն է խնդրել իր կողմից սպանվածների ազգականներից։ Այդ մասին նա մասնավորապես ասել է իր վերջին խոսքում։

Հունիսի 4-ի լույս գիշերը Տվերսկոյ շրջանի այգեգործական միությունում սպանվել էր ինը մարդ։ Դեպքի վայրում ձերբակալվել էր 45-ամյա մոսկվացի Սերգեյ Եգորովը, որը խոստովանել էր իր մեղավորությունը։

Եգորովը կրակել էր որսորդական հրացանից, որը պաշտոնապես նրա անունով էր գրանցված։ Եգորովի ու սպանվածների միջեւ վիճաբանություն էր ծագել բանակում ծառայության թեմայի շուրջ։