Անպարկեշտ է իշխանությունների հետ կապել քրեականներին եւ հանցագործներին: Սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում կայացած ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նույն ճեպազրույցում «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Երեւանի «Վերնիսաժում» կրակոցների նախաձեռնմանը մարդիկ են խառնված, որոնք մոտ են կանգնած ՀՀԿ-ին եւ Ալավերդիի նախկին քաղաքապետ, Լոռու գործող մարզպետ Արթուր Նալբանդյանին:
Բաղդասարյանի խոսքով՝ նման ոչ կոռեկտ արտահայտությունները միանգամայն անտեղի են: «Կուսակցության՝ որպես քրեականների կամ հանցագործների հավաքատեղիի մասին խոսելու փորձերը հեռու են քաղաքական մշակույթից»,- հավելեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Երեւանի կենտրոնում՝ «Վերնիսաժի» մոտ օրը ցերեկով կրակել են ինքնաձիգից: NEWS.am-ի տեղեկություններով՝ սպանվել է 43-ամյա Գարիկ Մոսիյանը, վիրավորվել է 39-ամյա Վահագն Աբգարյանը: Երկուսն էլ Ալավերդիից են, քրեական աշխարհի ներկայացուցիչներ:




























