Պերուի նոր կառավարությանը երդմնակալության արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 17–ին։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին իր ժողովրդին ուղղված ուղղերձում, որը հրապարակել էր Facebook–ի իր էջում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Նոր կառավարությունը ձեւավորվելու է նախորդ կառավարությանը անվստահության քվե հայտնելուց հետո։ «Կարող եք վստահ լինել, որ մենք կշարունակենք աշխատել նույն նպատակին հասնելու համար, որը մեր առաջ էինք դրել նախագահական մանդատի առաջին օրվանից, այն է՝ բարելավել բոլոր պերուացիների կյանքի որակը»,– ասել է նախագահը։ Նա ավելացրել է, որ ստեղծված իրավիճակից ելնելով, հրաժարվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի եւ մի շարք այլ հանդիպումներին մասնակցելուց, այդ թվում նաեւ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից։