Բելառուսի եւ Լիտվայի սահմանին տարօրինակ միջադեպ է գրանցվել, որը կողմերից յուրաքանչյուրը յուրովի է մեկնաբանում։
«ՌԻԱ Նովոստի»–ի տեղեկություններով՝ խոսքը սահմանի անօրինական հատման մասին է։ Ընդ որում, սահմանը խախտելու պատճառ է դարձել սունկը։ Լիտվական լրատվամիջոցները հայտնում են, որ Լիտվայի պետական սահմանի պաշտպանության ծառայությունը եւ դատախազությունը նախադատական քննություն են իրականացնում սահմանը հատելու գործով։ Նրանց տեղեկություններով՝ սահմանախախտը եղել է բելառուս սահմանապահը, որը գիտակցաբար հատել է սահմանը Լիտվայի տարածքում սունկ քաղելու համար։ Սակայն բելառուսական կողմը հայտնում է, որ խոսքը ոչ թե սահմանապահի մասին է, այլ համազգեստով տղամարդու, որը 2,5 մ խորացել էր դեպի Լիտվայի տարածքը սունկ քաղելու համար։ Նրա ինքնությունը դեռեւս պարզ չէ։




























