Չերքեզյան շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովի նկատմամբ առաջիկայում կարող են հետախուզում հայտարարել հանցավոր միության ստեղծման եւ սպանությունների քերական գործի շրջանակում:
Վկայակոչելով «Ռոսբալտին» եւ իրավապահ մարմիններում աղբյուրին՝ minval.az-ը հայտնում է, որ քրեական գործը քննվում է 5 հոդվածով՝ հանցավոր միության կազմակերպման, սպանության, ապօրինի զենք պահելու, բանկային ապօրինի գործունեության, հրկիզման: Գործի նյութերի համաձայն՝ կազմակերպված հանցավոր միավորման անդամներին, որոնց ղեկավարել է Իսմայիլովների ընտանիքը, ներկայումս մեղադրվում են շահադիտական դրդապատճառներով, նախնական համաձայնությամբ 2 անձանց սպանության եւ ապօրինի հրազեն տեղափոխելու մեջ: Սակայն Իսմայիլովներին նաեւ կասկածում են եւս 3 անձանց սպանության եւ ուրիշի գույքի դիտավորյալ ոչնչացման մեջ, որը կատարվել է հրկիզման միջոցով:
«Իրականում սպանությունների թիվը, որոնց կատարման համար Իսմայիլովներին ստուգում են, մեկ տասնյակն անցել է»,- կարծիք է հայտնել «Ռոսբալտի» աղբյուրը: Ի թիվս այլոց՝ գործի մեջ է ներառված 2005 թվականին Լիանոզովի շուկայի հրկիզումը:
Ռաֆիկ Իսմայիլովը արգելափակված է: Նրա եղբայր Վագիֆի նկատմամբ, որը ՆԳՆ նախկին բարձրաստիճան աշխատակից է եղել, հետախուզում է հայտարարված: Այս շաբաթ խուզարկություններ են կատարվել Թելման Իսմայիլովի քոթեջներում եւ բնակարաններում: «Գործի ֆիգուանտներից է ոչ միայն Թելմանը, այլ նաեւ նրա երեխաները: Ամեն ինչ վկայում է, որ մոտ ժամանակներս Թելման Իսմայիլովի նկատմամբ հետախուզում կհայտարարվի»,- կարծիք է հայտնել գործակալության զրուցակիցը:

























