ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան Ն.Գ. պարոն Աշոտ Սմբատյանը եւ ՔԱԳՎ թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը սեպտեմբերի 15-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաքում հանդիպել են «Լյուֆթանզա գրուպ» ընկերության Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների հարցերով գլխավոր տնօրեն Ռոլանդ Շուլցի եւ «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերության Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների հարցերով փոխնախագահ Դմիտրի Զայցեւի հետ:
Հանդիպման ընթացքում Սերգեյ Ավետիսյանը ներկայացրել է ՀՀ քաղաքացիական ավիացիայում արձանագրած ցուցանիշները, ներկա դինամիկան եւ անդրադարձել է գերմանական ընկերության հետ հնարավոր համագործակցության հեռանկարներին:
Դմիտրի Զայցեւն իր հերթին ներկայացրել է «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերության կողմից իրականացվող գործունեությունը, այդ թվում նաեւ՝ ընկերության օտարերկրյա պետություններում գտնվող արտադրական հզորությունները:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ նշված ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում գործունեության ծավալման հնարավորությունների վերաբերյալ մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաեւ հետագա աշխատանքների կատարման ընթացքին:




























