Ուրուգվայում Ադրբեջանն ունի դեսպանատուն, իսկ Հայաստանը՝ ոչ։ Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ուրուգվայի «Ռադիո Արաքս»-ի տնօրեն, լրագրող Դիեգո Կարամանուկյանը։
Նրա խոսքով՝ վերջին շրջանում Բաքուն ակտիվացրել է իր գործունեությունը Ուրոգվայում, մինչդեռ հայկական համայնքը ճգնաժամ է ապրում, և նրա դերն աստիճանաբար թուլանում է։
«Ընդհանուր առմամբ համայնքում անորոշ շրջան է։ Մայրցամաքի կյանքում հայկական համայնքի ակտիվ մասնակցությունն աստիճանաբար թուլանում է, իսկ տարբեր բնույթի կազմակերպությունների դերն ավելի է սահմանափակվում։ Ժամանակը հայկական համայնքի դեմ է աշխատում և իր պայմաններն է թելադրում»,-բացատրել է Կարամանուկյանը՝ հավելելով, որ այդ ամենն արտահայտվում է նաև երկրում հայկական դպրոցների և ընկերությունների թվի կրճատմամբ։
Կարամանուկյանը նաև նշել է, որ ներկայումս Ուրուգվայում գործում է երկու հայկական դպրոց, սակայն հայերենի ուսուցման դասերը շատ քիչ են անցկացվում։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ հայկական համայնքը ակտիվ մասնակցություն և ազդեցություն ունի երկրի քաղաքական, մարզական, մշակութային և բիզնես կյանքում։ Որպես օրինակ նա նշել է, որ Ուրուգվայի զբոսաշրջության նախարարը հայուհի է։




























