Նավի ժայռապատկերը, որի տարիքը մասնագետները 10-11 հազար տարի են գնահատում, հայտնաբերվել է Նորվեգիայի հյուսիսում: Չորեքշաբթի Նորվեգիայի պետական NRK հեռուստաընկերությունը հայտնել է, որ մասնագետները գտածոն սենսացիոն են համարում, եւ պնդում, որ այն կարող է լինել գիտությանը հայտնի ամենահին ժայռապատկերը, որոնք նավեր են պատկերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Սուր քարով ժայռի վրա փորված 4-մետրանոց նկարը այս ամռանը հայտնաբերել է երկրաբան Ինգվար Լինդալը, որը զբոսնում էր Էֆորդ նեղուցի շրջակայքում: Լինդալը նախկինում աշխատել է Նորվեգիայի Երկրաբանական ծառայությունում, սակայն այժմ թոշակառու է:

«Սա բացառիկ խոշոր գտածո է, որն իրավամբ կարելի է համաշխարհային սենսացիա համարել»,- NRK-ին ասել է Տրոմսյո համալսարանի աշխատակից հնագետ Յան Մագնե Յերդեն, որը Եվրոպայի հյուսիսի ժայռապատկերների մասնագետ է: Սկանդինավյան 2 երկրների եւ Ռուսաստանի գործընկերների հետ միասին նա արշավախմբերի է մասնակցել, որոնց անդամները Կոլայի թերակղզում հայտնաբերել եւ նկարագրել են ավելի քան 500 ժայռապատկերներ:

Գտածո ժայռապատկերը կատարվել է ծովի մակարդակից 70 մետր բարձրությամբ: Վերջին մի քանի հազար տարիներին այս ցուցանիշի փոփոխությամբ էլ հնարավոր է եղել նկարը թվագրել:

Հնագետը նշել է, որ հաշվի առնելով տարիքը՝ նկարը շատ լավ է պահպանվել: Դրա վրա հստակ պատկերված են նավի ցռուկը, ողնափայտը եւ նավակողերը: Յերդեի կարծիքով՝  հին անհայտ հեղինակը ցանկացել է քարի վրա պատկերել մորթիներից նավ: Մինչեւ վերջին ժամանակները դրանից օգտվում էին գրենլանդական էսկիմոսները, որոնք նույնպես ժայռերի վրա կատարել են դրանց ուրվանկարները: