Սեպտեմբերի 28-ին Երեւանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, լեհականը` Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Բարտոշ Չիխոցկին:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-լեհական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կողմերն անդրադարձան տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների, Արեւելյան գործընկերության ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների գործակցության ընդլայնման հեռանկարներին:

ԱԳ նախարարի տեղակալ Նազարյանն իր լեհ գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը ու կարեւորեց, որ ԵՄ կողմն իր ընդհանուր մոտեցմամբ վերահաստատել է լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին` համանախագահ երկրների նախագահների կողմից 2009թ. ի վեր ընդունված հայտարարությունների հիման վրա։

Խորհրդակցությունների ընթացքում առանձնակիորեն նշվեց, որ ընթացիկ տարին հայ եւ լեհ ժողովուրդների համար կրկնակի հոբելյանական է, քանի որ լրանում է հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչպես նաեւ Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650-ամյակը, որոնց կապակցությամբ կողմերը շնորհավորական ուղերձներ են փոխանակել ՀՀ եւ ԼՀ նախագահների եւ արտաքին գործերի նախարարների մակարդակով:

Լեհական պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեց Մեծ Եղերնի զոհերի հիշատակին: Այնուհետեւ պատվիրակությունը շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ու գրառում կատարեց պաշտոնական հյուրերի հուշամատյանում: