Ֆրանսիայի իշխանություններն ընտանեկան զույգի են փնտրում, որը պատրաստ է բնակվել Բրետանի ափի մոտ գտնվող անմարդաբնակ Կեմենես կղզյակում: Այնտեղ 10 տարի ապրած ընտանիքը որոշել է, որ մայրցամաք տեղափոխվելու ժամանակն է, փոխանցում է BBC-ն:
Ֆրանսիական առափնյա պահպանության գործակալությունը (Conservatoire du Littoral) հայտարարել է, որ այս ընտանիքին փոխարինող է փնտրում, եւ հույս ունի, որ կամավորներ կհայտնվեն, որոնք պատրաստ են մասնակցել այս արտասովոր փորձին:
Ավազով, քարերով եւ խոտով պատված Կեմենեսը Բրետանի արեւմտյան եզրում Մոլեն արշիպելագում գտնվող 1,5 կմ երկարությամբ կղզյակ է: Այստեղ փոկեր են բնակում, ծովային թռչուններ, ճագարներ եւ սեւ գաճաճ ոչխարներ: Միակ բանը, որ կղզում պակասում է՝ բնակիչներն են:
Կղզին նվազագույնը 1000 տարի բնակեցված է եղել, սակայն 25 տարի առաջ Կեմենեսի բնակիչները որոշել են այն լքել:
Conservatoire du Littoral-ն անմիջապես այս կղզին գնել է: Շատերը կարծում էին, որ գործակալությունը պարզապես իր հերթական արգելոցն է ստեղծելու, սակայն այն այլ կերպ է վարվել: Գործակալության մասնագետները որոշել են, որ կղզում մնացած ֆերման պետք է հետագայում եւս աշխատի, ու սկսել են կամավորների փնտրել՝ պատրաստ այնտեղ հաստատվելու եւ տնտեսությամբ զբաղվելու:
2007 թվականին Դավիդ եւ Սուազիկ Կյուիսնյեները արտասովոր գրավիչ աշխատանք են ստացել՝ մենակ ապրել կղզում եւ այն խնամել: 10 տարի հետո ընտանիքը, որը երեխաներով է համալրվել, պատրաստվ ում է կղզուց հեռանալ:
Հավակնորդների հայտերի ներկայացման ժամկետն արդեն լրացել է, եւ հիմա իշխանությունները քննարկում են 20 ընտանիքից կազմված ցուցակը, որոնք պատրաստ են բնակվել տանը, որը Կյուիսնյե ընտանիքը կազատի:
Ընտրյալներն իրենց ճակատագրի մասին կտեղեկանան առաջիկա մի քանի շաբաթներին եւ կղզի կտեղափոխվեն 2018 թվականի սկզբին:




























