Հնդկական խոշոր ավտոմեքենաների գործարանը դադարեցրել աշխատանքն այն բանից հետո, երբ տարածք է ներթափանցել գիշատիչ ընձառյուծը, հայտնում է Hindustan Times տեղական թերթը:
Maruti Suzuki ավտոմեքենաների գործարանի հսկողության տեսախցիկները չորեքշաբթի գիշերը ֆիքսել են տարածքում զբոսնող կենդանուն: Ձեռնարկության պահակը նկատել է գիշատչին եւ ահազանգ է բարձրացրել: Գիշերային հերթափոխով աշխատողները անհապաղ լքել են տարածքը, իսկ առավոտյան հերթափոխի աշխատանքը չեղարկել են:
Տեղի վայրի բնության պահպանության ներկայացուցիչ Վինոդ Քումարը հայտնել է, որ ներկա պահի դրությամբ մասնագետները զբաղվում են ընձառյուծի որոնողական աշխատանքներով, բայց դեռ ապարդյուն:
«Յոթ հոգուց բաղկացած խումբը զբաղված է որոնողական աշխատանքներով: Նրանք իրենց մոտ հանգստացնող դեղեր ունեն՝ ընձառյուծին հանգստացնելու եւ փրկելու համար», - ասել է Քումարը:




























