«Շատ բարձր գին է, Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականի արդյունքում դառնալ պատգամավոր, եւ ես երբեք դա չէի ցանկանա, քանի որ ես անդամագրվել եմ այս կուսակցությանը, տեսնելով, որ ցուցակը գլխավորում է ազնիվ եւ պարկեշտ անձնավորություն, բայց հիմա ես կփորձեմ իրագործել օրենքով ժողովրդի տված քվեն»,- այսօր NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցությունից երեկ հեռացված Մովսես Արիստակեսյանը, ով ըստ օրենսդրության, Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավորական մանդատից հրաժարվելու արդյունքում պետք է դառնա ԱԺ պատգամավոր:
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ է կայացել, որի ժամանակ կուսակցությունից հեռացրել են Վարդան Խաչատրյանին, Զոյա Թադեւոսյանին եւ Մովսես Արիստակեսյանին: Այսօր կուսակցության մի շարք ակտիվիտներ, այդ թվում՝ Մովսես Արիստակեսյանն ու Զոյա Թադեւոսյանը, հավաքվել էին կուսակցության գրասենյակի մոտ, սակայն գրասենյակի դուռը փակ էր: Նրանք իրենց բողոքն էին հայտնում վարչության որոշման կապակցությամբ, որն, ըստ նրանց, ապօրինի է, քանի որ վարչության անդամներին ընտրում է կուսակցության համագումարը, եւ այդ պաշտոնից եւս կարող է հեռացնել միայն համագումարը:
Հարցին, թե իսկապես 2007 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ինքը եղել է «Ժառանգության» համամասնական ցուցակի 8-րդ հորիզոնականում, սակայն հետո դարձել է 9-րդը, որի արդյունքում պատգամավոր է դարձել ոչ թե ինքը, այլ Արմեն Մարտիրոսյանը, Մ. Արիստակեսյանը պատասխանեց. «Այն խորհրդի նիստին, որին ես ներկա եմ եղել, խորհուրդը որոշում է կայացրել, որ ցուցակում ես լինեմ 9-րդը: Հետո նույն նիստում իր տեղից հրաժարվեց Վարդան Մալխասյանը եւ խորհուրդը որոշեց, որ 8-րդը ես եմ: Հետո ես կրկին հայտնվեցի 9-րդ տեղում»:




























