Հայաստանի 50 լրատվամիջոցների շրջանում անցկացված սոցհարցման արդյունքում` «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» փորձագետները պարզել են, որ տեղի լրատվամիջոցների ազատության մակադակը «մասամբ ազատից» «անազատի» եզրագծում է:
«Սոցհարցումը նախաձեռնելով` նպատակ ունեինք գնահատել Հայաստանի իրավիճակը խոսքի ազատության ասպարեզում, իսկ որպես հարցման մասնակից լրատվամիջոցներ` ընտրված էին առավել լայն հեռարձակման տարածք ու մեծ տպաքանակ ունեցող լրատվամիջոցները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 13-ին նշեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելքոնյանը: Նրա տեղեկացմամբ` սոցհարցումն իրականացվել է մեծամասամբ «Ֆրիդոմ Հաուս» կազմակերպության չափանիշներով, ըստ որի, 0-ից 30 միավորը համարվում է անազատ, 30-ից 60-ը` մասամբ ազատ, իսկ 60-ից 100-ը` ոչ ազատ:
Ինչպես հայտնեց սոցիոլոգ Վարդան Գեւորգյանը, հարցումն իրականացվել է լրատվամիջոցների ազատության մակարդակը գնահատելով իրավական դաշտում, քաղաքական ու տնտեսական ասպարեզներում: Սոցհարցման մասնակիցների շարքում տպագիր լրատվամիջոցները կազմել են 60 տոկոս, հեռուստատեսությունը` 24 տոկոս, ռադիոն` 8, լրատվական գործակալությունները` 4 տոկոս, իսկ ինտերնետային հրատարակություններն ու լրատվական կազմակերպությունները 10 եւ 14 տոկոս:
Ըստ հարցման արդյունքների` իրավական դաշտում հայաստանյան լրատվամիջոցները 30 հնարավորից վաստակել են 15,25, քաղաքականում` հնարավոր 40-ից` 22,88 , իսկ տնտեսականում` 30 հնարավորից 20,51 միավոր: Ընդհանուր հաշվով, արձանագրելով 58,64 միավոր, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» համարել է, որ լրատվամիջոցների ազատության մակարդակը Հայաստանում մասամբ ազատի ու անազատի եզրագծին է:
Նշենք, որ Ա. Մելքոնյանի տեղեկացմամբ` «Ֆրիդոմ Հաուս»-ի նմանօրինակ հարցման արդյունքում Հայաստանին տրվել էր 66 միավոր, սակայն վերջինիս պարագայում սոցհարցման աշխատանքներում ներգրավված են եղել միայն լրատվական ոլորտի փորձագետները` առանց լրատվամիջոցների մասնակցության:




























