ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 10-ին որոշել է հանձնարարել առողջապահության եւ գյուղատնտեսության նախարարություններին՝ մանրամասն քննարկել Սիսիանում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած զանգվածային սննդային թունավորման դեպքերը:
Հիշեցնենք, որ Սիսիանի թիվ 4 նախակրթարանում տոլմայից թունավորվել էին 25 երեխա:
ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղի է ունեցել կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետն անդրադարձել է թունավորման դեպքին, եւ նշել, որ «երեխաների թունավորման արտառոց իրավիճակը բոլորին պետք է մտահոգի»; «Մենք պետք է քննարկենք, թե ինչ լրացուցիչ միջոցառումներ պետք է ձեռնարկենք, որպեսզի ապագայում թե' մանկապարտեզներում, թե' դպրոցներում բացառենք նման դեպքերն ընդհանրապես: Սիսիանում տեղի ունեցածը նշանակում է, որ մենք դեռեւս խնդիր ունենք, եւ այն պետք է դառնա մեր քննարկման առարկան, հանրությանը պետք է տանք հստակ պատասխան, թե կառավարությունը լրացուցիչ ինչ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի այդ ռիսկը հասցնի նվազագույնի»,- ասել է վարչապետն ու հավելել, որ ճիշտ կլինի, որ առողջապահության եւ գյուղատնտեսության նախարարությունները համատեղ քննարկեն այս հարցը, ճիշտ կլինի նաեւ քաղաքապետարանի մասնակցությունը.
«Տեսնենք թե ինչ վիճակ է այսօր դպրոցներում, մանկապարտեզներում, եւ ինչ անելիք ունենք, որպեսզի Սիսիանի դեպքը չկրկնվի»:




























