83 ֆիլմեր, 9 աշխատարաններ ու 5 ցուցահանդեսներ կանցկացվեն Երեւանի 17 տարբեր վայրերում Արեւորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում։

Փառատոնը մեկնարկեց օսկարակիր Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ֆիշեր Սթիվենսի «Ջրհեղեղից առաջ» ֆիլմի ցուցադրությամբ։ Ֆիլմը հայացք է նրան, թե ինչպես են կլիմայական փոփոխություններն ազդում շրջակա միջավայրի վրա եւ թե ինչ կարող է անել մարդը, որպեսզի կանխարգելի բնաջնջման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների, էկո-համակարգերի եւ բնիկ համայնքների ոչնչացումը ամբողջ երկրագնդում

Արեւորդի միջազգային բնապահպանական փառատոնն ամենամյա իրադարձություն է, որը նպատակ ունի իրազեկելու բնության ու դրա խնդիրների մասին: Փառատոնը հարթակ է՝ միավորելու մարդկանց բնապահպանական խնդիրների շուրջ, տեղեկանալու, քննարկելու ու լուծումներ գտնելու։

Փառատոնի շրջանակներում ցուցադրվում են բնապահպանական ֆիլմեր ամբողջ աշխարհից, կազմակերպվում են աշխատարաններ եւ ցուցահանդեսներ, որոնք կոչված են խթանել շրջակա միջավայրի պահպանման մշակույթը։

Փառատոնի ֆիլմերը, աշխատարանները եւ ցուցահանդեսները կարելի է գտնել  Էօնում, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում, Նոր Արվեստանոցում, Թումոյում, Հոդված 3 ակումբում, Մեդիա կենտրոնում, Բյուրոյում, Մուրաբայում, Խնկո Ապոր անվ. եւ Ավ. Իսահակյանի անվ. գրադարաններում, «Իլիկ» ձեռագործ իրերի խանութ-սրճարանում, Fiction փաբում եւ Ժան-Պոլ Էքզիստեցիալ սրճարանում։

Փառատոնի գոյության 9 տարիների ընթացքում ցուցադրվել են ավելի քան 300 ֆիլմեր աշխարհի 150 երկրներից: Արեւորդի միջազգային բնապահպանական կինոփառատոնը իր ձեւաչափի մեջ առաջինն ու միակն է Հարավային Կովկասում։

«Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնն իրականացվում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ եւ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ 2007 թվականից։