GeoProMining Gold ընկերության կողմից շահագործվող Սոտքի ոսկու հանքավայրի շրջակայքի տեսքը փոփոխվում է հանքանյութի արդյունահանման ավելացմանը համապատասխան: Ինչպես հայտնում է «Էկոլուրը»՝ միայն 2009թ. արդյունահանվել է 476,2 հազար տոննա հանքանյութ (ըստ ընկերության տվյալների): Այդ հանքանութի հիմնական մասը դառնում է թափոն՝ հողաշեղջերի եւ դատարկ ապարների տեսքով: Եթե ուշադրություն դարձնենք ընկերության հայտարարությանը՝ հանքահանման ծավալը հասցնել մինչեւ 1,5-2 միլիոն տոննայի, ապա հարց է առաջանում՝ որտեղ է՞ ընկերությունը լցնելու միլոնավոր տոննաների հասնող հողաշեղջերը: Սահման տանող ճանապարհն արդեն սկսել է փակվել:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գեոքիմիկ Սերգեյ Գրիգորյանի գնահատականով՝ Սոտքի դատարկ ապարների ծավալները կարող են հասնել հարյուրավոր միլիոն տոննաների:  Այդ ապարները պայմանական են դատարկ անվանում, քանի որ նրանցում քիչ քանակությամբ, բայց, միեւնույնն է՝ առկա են տոքսիկ բաղադրամասեր՝ ծանր մետաղներ, անտիմոն, մկնդեղ, ծծմբաքար: Մթնոլորտային տեղումների հետ խառնվելով՝ ծծմբաքարն առաջացնում է ծծմբաթթու, որը քայքայում է շրջակա ապարները եւ առաջացնում է շղթայական ռեակցիա, որի արդյունքում թունավոր տարրերն ու միացությունները նորանոր տարածքներ են գրավում: Փխրուն բնահողը, որը բնորոշ է հանքավայրի տարածքին, ի վիճակի չէ հավաք վիճակում պահել այդ ապարները, եւ մթնոլորտային տեղումների հետ տոքսիկ տարրերը ներթափանցում են ստորգետնյա եւ գրունտային ջրերի մեջ, իսկ նրանց միջոցով՝ Սեւան:

Վարդենիսի բնակիչներն ասում են, որ 2008թ., երբ GeoProMining Gold ընկերությունը նոր էր իր գործունեությունն սկսել, խոստացել էր, որ ամեն ինչ չի լինի այնպես, ինչպես նախորդ սեփականատերերի ժամանակ («Sterlite Industries Limited» հնդկական ընկերություն):

«Այդ ժամանակ նրանք մեզ խոստումներ տվեցին, որ կբարձրացնեն աշխատավարձը, հանքավայրը ռացիոնալ կերպով կշահագործեն, աշխատանքային պայմանները կբարելավեն: Իսկ հիմա միեւնույն բանն է: Բոլոր նրանք, ովքեր աշխատում են, լռում են, եթե մի բառ ասեն, կհեռացվեն աշխատանքից: Եվ ոչ ոք պաշտպան չի կանգնում: Իսկ աշխատողների անվտանգությո՞ւնը: Ոչ ոք չի մտածում այդ մասին»,- «Էկոլուրին» բողոքել են Վարդենիսի բնակիչները:

Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությանն ուղղված «Էկոլուր»-ի հարցմանը, թե ինչպե՞ս է գնահատվում Սեւանա լճի ջրահավաք ավազանին ձեռնարկության կողմից հասցված վնասը, նախարարությունը պատասխանել է, որ ձեռնարկությունն աշխատում է նորմերին համապատասխան: Հարց է առաջանում, թե ի՞նչ նորմեր ի նկատի ուներ նախարարությունը, եթե ՀՀ վերահսկիչ պալատը հայտնաբերել է խախտումներ, որոնց համար պահանջել է ընկերությանը զրկել արտոնագրից: Ի դեպ՝ բնապահպանության նախարարությունը ոչ մի մեկնաբանություն չի կատարում Վերահսկիչ պալատի հայտարարության առնչությամբ: