2008-ից մինչ օրս Հայաստանում 17 «Մայրության դպրոց» է հիմնվել: Ծրագիրն իրականացվել է ՀՀ առողջապահության նախարարության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ՄԶԳ/ համագործակցությամբ: Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց ծրագրի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա վարդանյանը, Մայրության դպրոցների շնորհիվ ապագա մայրերը հոգեբանորեն նախապատրաստվում են ծննդաբերությանն ու սովորում մոր եւ մանկան խնամքի նրբություններ:
«Մեր կազմակերպության կողմից Մայրության դպրոցների սենյակներին տրամադվել է կահույք, գրականություն, վերապատրաստվել են բժիշկներ: Ջանացել ենք որ բժիշկ-այցելու շփումը չսահամանափակվի սեղանի տարբեր անկյուններում նստած հարցուպատասխանով»,-նշեց Մ. Վարդանյանը` հավելելով, որ իրենց նպատակն է ավելի անկաշկանդ միջավայր ստեղծել` ապագա մայրերին զերծ պահել հոգեբանական ավելորդ լարվածությունից: Նրա խոսքով` դպրոցները գործում են հիմնականում ծննդատներին կից: «Երբ որ գնում ենք այցելության, բժիշկները հավաքում են կանանց, ինչ-որ մատյաններ են լրացնում, վազվզում այս ու այն կողմ»,-ասաց Մ. Վարդանյանը, ընդծելով, որ հաստատությունների վերահսկողությունը Առողջապահության նախարարությանն գործառույթն է. ծրագրը նախաձեռնվել է վերջինիս առաջարկով:
Նրա ներկայացմամբ, միայն 2010-ին 4 «Մայրության դպրոց» է հիմնվել Լոռու եւ Շիրակի մարզերում: 2008-ից մինչ օրս նման հաստատություններ են ստեղծվել Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում, սակայն որեւէ տեղեկատվություն չկա, թե ինչ պարբերականությամբ եւ որքան շահառուներ են հաճախել նշյալ հաստատություններ, այլ խոսքով, որքան է նման հաստատությունների գործունեության արդյունավետությունը:
Նշենք, որ պետական միջոցների հաշվին Մայրության դպրոցները հագեցած են գրականությամբ, վերապատրաստված բժիշկներով ու գունավոր փափուկ կահույքով, որոնք սակայն, այցելուների խնդիր ունեն:





























