Անհնար է ԵՏՄ-ի արդիականացման մասին խոսել՝ առանց թվային օրակարգի: Հոկտեմբերի 25-ին այս մասին նշեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ելույթ ունենալով Երեւանում ընթացող Եվրասիական Միջկառավարական խորհրդի նիստում:

«Այսօր գործնականում անհնար է տնտեսությունների արդիականացման եւ մրցունակության բարձրացման մասին խոսել՝ առանց թվային օրակարգի: Հասկանալի է, որ այս խնդրի լուծմանը պետք է գնալ հաշվի առնելով այն, թե արդյոք մեր տնտեսությունները կկարողանան այս փոփոխություններն ընդունել առանց բիզնեսի համար ավելորդ ծախսերի: Կարծում եմ՝ այս հարցում մեր դիրքորոշումը մոտ եւ հասկանալի է»,- ասաց Կարապետյանը:

Նա հիշեցրեց հոկտեմբերի սկզբին Սոչիում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը: Ելույթում նշվում էր էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի փոխադարձ ճանաչման անհրաժեշտության մասին՝ ապրաքները հսկելու նպատակով:

Դրանից բացի, ուշադրության է արժանի ԵՏՄ-ում տրանսպորտային համաձայնեցված քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացման ժամանակացույցը: «ԵՏՄ մյուս երկրների հետ ընդհանուր սահմաններ չունենալու պայմաններում մեզ համար հաղորդակցության հարցերն առավել քան հրատապ են: Մենք հույս ունենք, որ այս գործընթացը կօգնի մեր պետությունների միջեւ հաղորդակցության դիվերսիֆիկացմանը»,- ընդգծեց Հայաստանի վարչապետը: 

Նրա խոսքով ՝ իսկ եթե խոսելու լինենք էլեկտրաէներգետիկ շուկայի մասին, ապա կարեւոր է աշխատել Միության բոլոր երկրների ցանցերը աշխատանքի զուգահեռ ռեժիմի փոխանցելու վրա, ինչը թույլ կտա ընդլայնել էլեկտրականության վաճառքը: «Նախատեսվում է հաջորդ տարի «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովը մեզ մոտ՝ Հայաստանում անցկացնել: Այսպիսի նախագծերի իրականացումը կնպաստի երկխոսությանը բիզնեսի եւ մեր պետությունների միջեւ»,- հավելեց Կարեն Կարապետյանը: