Զոհված զինծառայողների ընտանիքներն ունեն բազմաթիվ սոցիալական խնդիրներ, սակայն իշխանություններից անտեսված են եւ որեւէ օգնություն չեն ստանում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» սոցիալական-հասարակական կազմակերպության նախագահ Մանուշակ Ստեփանյանը:
«Զոհված զինծառայողների ծնողներից շատերը չեն աշխատում, ունեն լուրջ առողջական խնդիրներ, բայց ոչ ոք այս տարիների ընթացքում նրանց դուռը չի թակել եւ հարցրել՝ ինչ խնդիրներ ունեն ընտանիքի անդամները: Այնպիսի ծանր պայմաններում են ապրում, որ նույնիսկ կոմունալ վճարներն են դժվարությամբ տալիս, որ գոնե զեղչեր անեն, շատ լավ կլիներ»,- ասաց Մանուշակ Ստեփանյանը:
ՀԿ նախագահի խոսքով, զոհված զինծառայողների ընտանիքները չեն օգտվում օրենքով սահմանված արտոնություններից: Օրինակ, ըստ Մանուշակ Ստեփանյանի, Ազատ Սիմոնյանի քույրն ընդունվել է համալսարան, ծնողներն անաշխատունակ են, բայց պետությունը չի փոխհատուցում վարձավճարը, մինչդեռ օրենքով ամրագրված է, որ ծնողների անաշխատունակության դեպքում զոհված զինծառայողների քույրն ու եղբայրը համարվում են ընտանիքի անդամ:
2016թ. ապրիլի 10-ին ապրիլյան պատերազմում զոհված պայմանագրային զինծառայող Ռոբերտ Աբրահամյանի հոր՝ Աբրահամ Աբրահամյանի խոսքով, որդին ունի 1 անչափահաս երեխա, բայց առ այսօր որեւէ մեկը դուռը չի թակել ու հետաքրքրվել այդ երեխայի ճակատագրով:
«Ես ու կինս չենք աշխատում, տղաս էլ զագսավորված չի եղել, ուզում ենք, որ օրինական կին ճանաչվի, երեխային անօթեւան ճանաչեն, որ բնակարան ստանան, որովհետեւ մենք բնակարան չունենք: Գոնե այդ երեխային օգնեն, ամսական 10 հազար ինձ են տալիս, 60 հազար էլ երեխայի համար են տալիս: Մեր միակ խնդիրն այն է, որ Ռոբերտիս կնոջը ճանաչեն օրինական կին»,- ասաց Աբրահամ Աբրահամյանը:




























