Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեքսիկական Միացյալ Նահանգների Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալել բարեկամ երկրների ներկայացուցիչներին, քանզի նմանօրինակ այցելությունները նոր որակ եւ բովանդակություն են հաղորդում երկկողմ հարաբերություններին եւ լավ հնարավորություն են քննարկելու միջպետական փոխգործակցության տարաբնույթ հարցեր: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ բարեկամ Մեքսիկայի պատգամավորների այցը նոր էջ է բացելու հայ-մեքսիկական միջխորհրդարանական հարաբերություններում եւ նախանշելու է երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության հետագա ուղիները:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Մեքսիկայի պատգամավորների պալատում Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի ձեւավորումը եւ իր երախտագիտությունը հայտնել պատգամավոր Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսին՝ այդ խումբը ղեկավարելու համար: Հանրապետության Նախագահի համոզմամբ, դա շնորհակալ աշխատանք է երկու երկրների ժողովուրդների միջեւ կապերն ամրապնդելու գործում:
Հանրապետության Նախագահը նաեւ ողջունել է խորհրդարանականների երկօրյա այցը Արցախ եւ համարել այն շատ լավ հնարավորություն ծանոթանալու Արցախի խնդրին եւ արցախցիներին, այդ տարածաշրջանում դարերով ապրող հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, իրենց ազատության համար պայքարող այդ մարդկանց կենցաղին:
Նախագահ Սարգսյանը, հիշատակելով անցյալ սեպտեմբերին Մեքսիկայի ժողովրդին պատուհասած բնական աղետը՝ երկրաշարժը, վստահություն է հայտնել, որ կարճ ժամանակում Մեքսիկայի ժողովուրդը եւ իշխանությունները ամեն ինչ կանեն, որպեսզի այդ արհավիրքի հետեւանքները վերանան:
Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ջերմ ընդունելության համար եւ վստահեցրել, որ խումբը կանի ամեն հնարավորը, որպեսզի համագործակցությունը շարունակաբար ամրապնդվի եւ խորացվի, քանզի Հայաստան եւ Արցախ այցի օրերին պատվիրակությունը զգացել է հայ ժողովրդի ջերմ վերաբերմունքը եւ բարեկամության փոխադարձ մեծ ցանկությունը:
«Մենք շատ լավ դռներ ենք բացել մեր երկու ժողովուրդների բարեկամության համար: Մեզ համար մեծ պատիվ է լինել Հայաստանի նման արժանապատիվ երկրում: Երջանիկ էինք նաեւ տեսնելու Արցախը՝ փոքրիկ եւ վեհ մի երկիր, որն արդեն մեր սրտում իր կայուն տեղն ունի»,-ասել է Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)




























