Ռուսաստանում ազգային հողի վրա տեղի ունեցող վերջին բռնությունները կարելի է դիտարկել ոչ թե որպես «կովկասատյացություն», այլ «սեւատյացություն», որովհետեւ բռնության են ենթարկվում ոչ միայն կովկասցիները, այլ նաեւ տաջիկներն ու մոլդովացիները: Այս մասին դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա կարծիքով՝ Ռուսաստանում այսպես կոչված «կովկասյան ազգության դեմքերի» նկատմամբ վերաբերմունքը նոր չէ, որ փոխվել է եւ դա շարունակվում է տեւական ժամանակ:
«Դրա ապացույցն են երկու գործընթացներ. նախ՝ Ռուսաստանի մի քանի քաղաքներում ձեւավորվել են ազգայնամոլական, նացիստական ընդհատակյա շարժումներ: Երկրորդը` «կովկասատյացությունը» դուրս է եկել սահմանափակ թվով մարդկանց ենթամշակույթից եւ ավելի հեռու է գնացել»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ այդ տրամադրությունները թափացնում են նաեւ այլ ենթամշակույթներ:
Քաղաքագետի համոզմամբ` մտահոգիչ է այն, որ նման տրամադրությունները քաղաքականացվելու միտում ունեն եւ վտանգ կա, որ Ռուսաստանի իշխանությունները չեն կարողանա պահել թափ հավաքող ազգայնականության ալիքը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ կովկասցիները միավորվեն՝ ընդդեմ այդ ալիքի դեմ, բանախոսն արձագանքեց. «Մոսկվայում հայերը միմյանց հետ չեն կարողանում միավորվել, էլ ուր մնաց ադրբեջանցիների կամ օսերի հետ միավորվեն: Որոշակի հարցերի հետ կապված գուցե խմբավորումներ ստեղծվեն, սակայն կարծել, որ դրանք կարող են միավորվել ինչ-որ երեւույթի դեմ համատեղ դիմակայելու համար՝ դժվար է պատկերացնել»,-նշեց Իսկանդարյանը:
Բանախոսի կարծիքով՝ Մոսկվայում արձանագրված բախումները առիթ կդառնան, որպեսզի ազգային հողի վրա հալածվող մարդիկ լքեն Ռուսաստանն ու վերադառնան իրենց երկրներ: Խոսքը նաեւ Ռուսաստանում ապրող հայերի մասին է:





























