Դեկտեմբերի 15-ին  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է արգենտինացի  դիվանագետ, դոկտոր Լեանդրո Դեսպուիին, ով Երեւանում մասնակցում է «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովին, որը նվիրված է ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմանը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ հանդիպմանը ներկա են եղել ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ  ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-արգենտինական բարեկամությունը, որի վառ օրինակն է պարոն Դեսպուիի գործունեությունը եւ  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում նշանակալի ավանդի համար ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նրան Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրելը: Նա կարեւորել է արգենտինացի հյուրի վաստակը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում եւ նրա ներդրումը 2006 թվականի նոյեմբերի 29-ին Արգենտինայի խորհրդարանի կողմից Հայոց  ցեղասպանության ճանաչման մեջ:

Նշենք, որ Արգենտինան Ուրուգվայից հետո հարավամերիկյան մայրցամաքում երկրորդ երկիրն է, որը  20-րդ դարասկզբի իրադարձությունները  որակել է Ցեղասպանություն: Խորհրդարանի նախագահն ասաց, որ նման գործիչների այցերը կնպաստեն երկու երկրների միջեւ հարաբերությունների ակտիվացմանը:  ԱԺ նախագահը նշեց, որ հաջորդ տարվա գարնանը նախատեսված է իր պաշտոնական այցը Արգենտինա:

Դոկտոր Լեանդրո Դեսպուին իր հերթին նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն  ավելի է մոտեցրել հայ եւ արգենտինացի ժողովուրդներին, հայ համայնքը հարգված է Արգենտինայում, իսկ Հայաստանի խորհրդարանի ղեկավարի այցը հարավամերիկյան այդ երկիր լուրջ խթան կլինի երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Լեանդրո Դեսպուիի համոզմամբ` Հայոց ցեղասպանությունն անժխտելի փաստ է, եւ նրա ճանաչումը ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ աշխարհի խնդիրն է:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԼՂ հակամարտությանը, հատկապես կարեւորվել է ազգերի ինքնորոշման իրավունքը`նշելով, որ հարցը պետք է լուծվի այդ, ինչպես նաեւ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: