Պետք է խթանել Հայաստանում ձկնաբուծական տնտեսությունների զարգացումը՝ քիչ քանակությամբ ջրի օգտագործման միջոցով բարձր արդյունք ստանալու համար: Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնայողություններին ուղղված միջոցառումների ընթացքին հետեւելու նպատակով Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ այս մասին հայտարարեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Հանրապետության մի շարք ձկնաբուծարաններում մինչեւ տարեվերջ նախատեսվում է հոսքաչափական ավտոմատ սարքերի տեղադրում, որոնք չափիչ եւ փոխանցիչ համակարգերով առցանց եղանակով բոլորին հասանելի տեղեկություն կտրամադրեն, թե որքան ջուր է դուրս գալիս յուրաքանչյուր ձկնաբուծարանից։
Նախարարի փոխանցմամբ՝ մինչեւ այս տարեվերջ պետք է 20 հոսքաչափական սարքեր տեղադրվեն, դրանցից 5-ը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ, մյուսներն էլ ձկնաբուծական տնտեսությունները պետք է տեղադրեն իրենց միջոցներով՝ հետագայում նախարարության կողմից շահութահարկից նվազեցնելու պայմանով։
Սարքի արժեքը 500 հազարից 1 միլիոն դրամ է՝ կախված հորի խորությունից ու չափման բարդությունից։ Սեփական միջոցներով հոսքաչափական ավտոմատ սարքերի տեղադրելու պատրաստակամություն են հայտնել «Գոլդեն Ֆիշ», «Մաքս ֆիշ», «Ինտեր ակվա», «Ալեքս հոլդինգ» ձկնաբուծական ընկերությունները։
Խոսելով ապօրինի ջրառի մասին՝ նախարարը նշեց. «Այսօր ջրառի թույլատրված սահմանի հատման պարագայում ունենք 2 օրենքով իրարամերժ կարգավորումներ։ Մի դեպքում նախատեսվում է, որ սահմանված քանակությունից ավելի օգտագործված ջուրը պետք է տասնապատիկ վճարվի, իսկ երկրորդ օրենքով սահմանվում է, որ ջրօգտագործման թույլտվությունը պետք է վերացվի։ Երկու պատժամիջոցի կիրառումն էլ նշանակում է տնտեսության փակում, իսկ դրան բնապահպանության նախարարությունը հակված չէ»։
Նախարարի կարծիքով՝ պետք է խթանել տնտեսությունների զարգացումը՝ քիչ քանակությամբ ջրի օգտագործման միջոցով բարձր արդյունք ստանալու համար, մյուս կողմից՝ նախատեսվում է այդ ջրի օգտագործումը գյուղատնտեսության մեջ՝ ոռոգման նպատակներով։ Ավելին, օգտագործված ջրից կախված՝ որոշվում է նաեւ բնօգտագործման վճարը, որը 1 դրամ է սահմանված 1 խ.մ.-ի համար, բայց 50 տոկոս վճարման պայմանով։
Արծվիկ Մինասյանը հայտնեց նաեւ, որ ԱՄՆ ՄԶԳ-ի օժանդակությունը կազմում է 120 հազարին դոլար, օգնության հարցով բանակցություններ են տարվում նաեւ գերմանական KF ընկերության հետ։
Նախարարի այցի ընթացքում նաեւ «Գոլդեն ֆիշ» ձկնաբուծարանի խորքային հորի կապարակնքում արվեց, որպեսզի բացառվեն թույլատրելի 1500 խ.մ.-ից ավելի օգտագործման փորձերը։




























