Թուրքիայի Դիարբեքիր (Մեծ Հայքի Ծոփք նահանգ) նահանգի Բիսմիլիի շրջանում հնագետները պեղումների ժամանակ 2500 տարվա գերեզման են հայտնաբերել, որտեղ 17 կրիաների հետ թաղված են կին եւ երեխա։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ հնագետները Բիսմիլիի շրջանում իրականացվող պեղումների ժամանակ Ք.Ա. 6–րդ դարի գերեզման են հայտնաբերել։
Հնագետներին զարմացրել է այն հանգամանքը, որ գերեզմանում մոտ 6 տարեկան երեխայի եւ 45–ից 55 տարեկան կնոջ հետ թաղված են եղել Տիգրիս գետի ավազանում ապրող 17 կրիաներմ որոնք ունեն փափուկ պատյան եւ հայտնի են իրենց ագրեսիվ վարքով։
Հնագետները նշել են, որ կրիաները ուտելու նպատակով են մորթվել։ Սակայն հնագետները դեռ չեն պարզել, ինչ նպատակով են կրիաներին թաղել երեխայի ու կնոջ հետ։
Որոշ վարկածներով՝ կրիաներին որպես նվեր են թաղել մահացածների հետ։
Կմախքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մահացածները բռնության հետեւանքով չեն մահացել։
Հնագետներից մեկը շեշտել է, թե Մերձավոր Արեւելքում նախկինում կրիաներին համարել են որպես ուղեկից այս աշխարհից դեպի անդրաշխարհ եւ այս համատեքստում կարելի է պարզաբանել մահացածների հետ կրիաներ թաղելը։




























