ԱՄՆ կառավարությունը մոծակներին ոչնչացնելու համար «բակտերիոլոգիական զենք» կօգտագործի, որոնք մարդու համար մահացու վտանգավոր վիրուսներ են փոխանցում՝ դենգե տենդ, դեղին տենդ եւ զիկա տենդ, հայտնում է Nature գիտական ամսագիրը:

Նախօրեին ԱՄՆ Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը (EPA) կենսատեխնոլոգիական սթարթափ MosquitoMate-ին թույլ է տվել շրջակա միջավայր բաց թողնել Wolbachia pipientis բակտերիան, որը ոչնչացնում է ասիական վագրամոծակին: Չնայած այս մասին պաշտոնապես չի հայտարարվել, ընկերությունն արդեն սկսել է նախապատրաստվել առաջին բացթողումներին:

Պարբերականը հայտնում է, որ Կենտուկիից ընկերությանը թույլ է տրվել ԱՄՆ 20 նահանգներում եւ Վաշինգթոնում բաց թողնել լաբորատորիայում վարակված միջատների առաջին խմբաքանակները: MosquitoMate-ի գիտնականները մոծակներին կվարակեն լաբորատորիաներում եւ այնտեղ էլ իրարից կառանձնացնեն արուներին ու էգերին: Այնուհետեւ լաբորատոր արուները, որոնք, ինչպես հայտնի է, մարդուն չեն խայթում, բաց կթողնվեն իրենց համար հատուկ առանձնացված տարածքներում: Զուգավորման ժամանակ նրանք կվարակեն վայրի էգերին, սակայն բակտերիայի պատճառով բեղմնավորված ձվերից մոծակ չի առաջանա: Իշխանությունների ծրագրի համաձայն՝ վարակված մոծակները շղթայական ռեակցիա կառաջացնեն, որի հետեւանքով ԱՄՆ-ում մոծակների վտանգավոր պոպուլյացիան նվազագույնը զգալիորեն կկրճատվի:

Սրանք առայժմ փոքր խմբաքանակներ կլինեն, քանի որ դժվար է լաբորատորիաներում արուներին էգերից ձեռքով բաժանել: Սակայն հիմա գիտնականները փորձում են դա մեխանիկական եղանակով անել՝ ելնելով հարսնյակի փուլում չափերի տարբերությունից: Առաջին փորձերն ավելի քան 99 տոկոս դեպքում ճշգրիտ ընտրություն են ցույց են տվել, ասել է փորձի ղեկավար Միչիգանի պետական համալսարանի բժշկական միջատաբան եւ միկրոկենսաբան Չժիյուն Սին: