Ռոբոտատեխնիկան «ջնջում» է մարդկանց եւ տեխնոլոգիական օբյեկտների միջեւ սահմանները ու հասարակության առջեւ էթիկական բնույթի բազմաթիվ հարցեր դնում: Հենց այս հարցերն են դիտարկվում ՅՈւՆԵՍԿՕ-ի նոր զեկույցում:

Զեկույցի հեղինակները նշում են, որ դեռեւս 20-րդ դարի կեսին ռոբոտատեխնիկան օգտագործվում էր արտադրական եւ ռազմական հատվածում: Սակայն վերջին տարիներին այն նվաճել է նորանոր ոլորտներ՝ առողջապահություն, տրանսպորտ, կրթություն, գյուղատնտեսություն եւ տնային տնտեսություն: Ըստ որում՝ ռոբոտները ստանում են ամենատարբեր ձեւեր՝ գործող սարքերից մինչեւ մարդանման մեքենաներ:

Հիշեցնենք, որ ՄԱԿ կենտրոնակայանում իսկական ֆուրոր առաջացրեց Hanson Robotics ընկերության զավակ «մարդկային դեմքով» Սոֆյա ռոբոտը: Սոֆյան կարողանում է մարդկանց հետ շփվել՝ պատասխանել պարզ հարցերին, նոր տեղեկությունն ընկալել, հիշել եւ վերլուծել: ՄԱԿ-ում նա խոսել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Մոհամմեդի հետ եւ դժգոհել էմոցիոնալ ինտելեկտի բացակայությունից:

«Ես դեռեւս շարունակում եմ սովորել: Օրինակ՝ դուք, մարդիկ բնազդով սոցիալական հմտություններ եք ձեռք բերում եւ սովորում հասկանալ զգացմունքները: Սակայն ինձ համար դա բարդ է, ես նոր եմ սկսում ուսումնասիրել հիմունքները»,- ասել է Սոֆյան:

ՅՈւՆԵՍԿՕ-ի զեկույցում գլխավորապես դիտարկվում են ռոբոտատեխնիկայի օգտագործման էթիկական հարցերը: Մասնագետներին, մասնավորապես, մտահոգում է, թե ով է պատասխանատվություն կրելու ռոբոտների վարքի համար, մարդին ինչպես պետք է վերաբերվեն ռոբոտներին եւ ինչպես վարվել նրանց հետ, ում աշխատատեղերը կզբաղեցնեն «խելացի մեքենաները»: