Կոլումբիայում տուրիստական ավտոբուսը, որը երկրի մայրաքաղաք Բոգոտայից ուղեւորվել էր Վիլավինչենսիո քաղաք, անդունդն է ընկել, զոհվել է 3 մարդ, հայտնում է RCN ռադիոկայանը:

Ավտոբուսը անդունդն է ընկել 150 մետր բարձրությունից: Ուղեւորներից 3-ը զոհվել է, առնվազն 13-ը՝ մարմնական վնասվածքներ ստացել: Վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել:

Ոստիկանությունից հայտնել են, որ զոհվածները նույն ընտանիքի անդամներ էին:

Ողբերգության նախնական պատճառը ավտոբուսի տեխնիկական անսարքությունն է: Պատահարի վայրում ուղեմասերից մեկի երթեւեկլությունը դադարեցվել է, այնտեղ ոստիկաններ եւ հրշեջներ են աշխատում:

 

El Espectador պարբերականի տեղեկություններով՝ վթարի պահին ավտոբուսում 23 մարդ է եղել: