Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր՝ նոյեմբերի 13-ին, հարցաքննվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Արմեն Վարդանյանը: NEWS.am-ի հետ զրույցում սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, նշեց, որ վկան ամբաստանյալների ներկությունից կաշկանդված է եղել, նա իրեն ուղղված բոլոր հարցերին հիմնականում հստակ պատսխաններ չի տվել՝ նշելով, որ երկար ժամանակ է անցել եւ չի հիշում: Վկայի կաշկանդվածությունն ակնհայտ է դարձել, երբ նրան խնդրել են բնութագրել ամբաստանյալներին. դատաքննական ցուցմունքում նա այլ բան է ասել, իսկ նախաքննականում այլ:
Նախաքննականում նա ասել է. «Գնելը լկստված եւ ցինիկ է եղել, իրեն բարձր էր դասել բոորից, չորսն էլ գերիշխող դիրք են ունեցել, գլխավորն էլ Վաչեն է եղել»,-սակայն, դատարանում նա հայտարարել է, թե «բոլորն էլ նորմալ վարքագիծ են ունեցել»:
Վկայի դատաքննական եւ նախաքննական ցուցմունքներում հակասություններ են եղել եւ որոշում է կայացվել հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը:
Վկան պատմել է, որ սպանությունից հետ զրուցել են կուրսանտներով եւ ինքը լսել է, որ Հայկազ Բարսեղյանին «պահեստանոցում ծեծել են, ննջարանում կտրել են երակները, հետո կախել» :
Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:



























