Ավստրալացիների մեծ մասը՝ 61,6 տոկոսը, հանրաքվեում քվեարկել է նույնասեռական ամուսնությունների օրինականացման օգտին, հայտնում է Ավստրալիայի վիճակագրական բյուրոն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հանրաքվեն պարտադիր ուժ չունի, սակայն երբ հայտնի են դարձել հանրաքվեի արդյունքները, երկրի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլը խոստացել է մինչեւ Ծննդյան տոները երկրի օրենսդրությունը փոխել:

«Միլիոնավոր ավստրալացիներ իրենց խոսքն են ասել եւ ձայների գերակշիռ մեծամասնությամբ արտահայտվել ամուսնության իրավունքի հավասարության օգտին: Նրանք «այո» են ասել արդարությանը, «այո»՝ ամուսնական հավատարմությանը, «այո»՝ սիրոն: Հիմա ժամանակն է, որ մենք այստեղ՝ Ավստրալիայի խորհրդարանում, մեր գործը կատարենք»,- հայտարարել է Թյորնբուլը:

Նախկինում Թյորնբուլն աջակցել է նույնասեռական ամուսնությունների օրինականացմանը, սակայն նրա կառավարությունում ոչ բոլորն են այս դիրքորոշմանը համաձայն:

Քվեարկությունն անցկացվել է փոստով եւ տեւել է 8 շաբաթ: Հանրաքվեին մասնակցել է 12,7 մլն մարդ, որը կազմում է ընտրողների 79,5 տոկոսը: