«Զինվորական  ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի» մասին  օրենքի դեմ  պայքարող ուսանողների եւ իշխանության ներկայացուցիչների կլոր սեղան քննարկումները կսկսվեն նոյեմբերի 22–ից։  Այն տեղի կունենա Ազգային ժողովում։ 

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը NEWS.am–ի հետ զրույցում մանրամասնեց՝  քննարկման ձեւաչափը։  Թե ընդդիմության, թե իշխանության կողմից քննարկմանը կմասնակցեն հինգ ներկայացուցիչ։ Մի կողմում կլինեն միայն ուսանողները, մյուս կողմում՝ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ , ՀՀԿ–ական Հակոբ Հակոբյանը եւ ԱԺ կրթության հանձնաժողովի ղեկավար,  ԲՀԿ–ական Վարդան Բոստանջյանը, իսկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ  Շարմազանովը կվարի քննարկումը։

Դավիթ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քննարկմանը  զուգահեռ Ազգային ժողովի մոտ կհավաքվեն  ցուցարար ուսանողները։  Դասադուլ կլինի, թե ոչ, դժվարացավ պատասխանել, սակայն քննարկման ժամին Ազգային ժողովի մոտ հավաքվելն արդեն նշանակում է, որ ուսանողները լիարժեք չեն կարողանալու մասնակցել դասերին, քանի որ այն ժամը 12։00–ից է սկսվելու։  Ըստ մեր զրուցակցի՝ առաջին  օրը կփորձեն ընդհանուր հայտարարի գալ գլխավոր հարցերի շուրջ, եթե չստացվեց, բողոքի ցույցերը կշարունակեն, իսկ դասադուլի հարցը կքննարկեն  ավելի ուշ։ Նշենք, որ իշխանության հետ երկխոսության համաձայնությունը ոչ բոլոր ցուցարար ուսանողների սրտով է եղել։

Մենք տեղեկացանք, որ համակարգող խմբից Վահան Կոստանյանը լքել է նախաձեռնությունը։ Կան ուսանողներ, որոնք դեմ լինելով այդ որոշմանը՝ հրաժարվել են մասնակցել քննարկմանը, սակայն Ազգային ժողովի մոտ շարունակելու են աջակցել իրենց ընկերներին։ Հիշեցնենք, որ մեկ շաբաթ դասադուլ անելուց հետո ուսանողներին երկխոսության  առաջարկ արեց ԱԺ ղեկավարությունը։ Թե որքանով ընդառաջ կգնան ուսման տարկետման իրավունքը վերականգնելու նրանց պահանջին, հայտնի կլինի քննարկումից հետո։