Բրիտանացի կինոօպերատոր Մարկ Միլսոմը շաբաթ օրը 54 տարեկանում զոհվել է Գանայում «Երկիրը ներողամիտ է» (BBC-ի արտադրության՝ The Forgiving Earth) սերիալի նկարահանումների ժամանակ, հայտնում է BBC-ն:

Ըստ տեղեկությունների՝ օպերատորը զոհվել է ավտոմեքենաների մասնակցությամբ կասկադյորական տեսարանների գիշերային նկարահանման ժամանակ:

BBC կորպորացիայից հայտարարել են, որ «խորապես ցնցված ու վշտացած են» լուրից՝ Միլսոմին անվանելով «անչափ հարգարժան գործընկեր»:

Միլսոմն իր կարիերան սկսել է 1990-ական թվականներին: Նա մասնակցել է  «Գահերի խաղը» (Game of Thrones, 2011 թվականից) եւ «Շերլոք» (Sherlock, 2010 թվականից) սերիալների, «Փրկել շարքային Ռայանին» (Saving Private Ryan, 1998), «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» (The Theory of Everything, 2014) ֆիլմերի եւ «բոնդիանայի» «Գթասրտության քվանտ» (Quantum of Solace, 2008) մասի աշխատանքներին: