Հայ ժողովրդի ներկան հուսալի է: Վերջին դարերի ընթացքում, եւ ոչ մի ժամանակ, մենք այսքան հուսալի իրավիճակում չենք եղել, երբեք մեր մեկնարկային դիրքերն այսքան վստահելի չեն եղել: Երբ մեր ներկան համեմատում ենք վերջին դարերի որեւէ ժամանակահատվածի հետ, անկասկած եւ վստահորեն կարող ենք արձանագրել` երբեք այսքան կայուն մեկնարկային պայմաններում չենք եղել: Այդ մասին Լիբանանում ունեցած իր ելույթում հայտարարել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
«Այո, մենք վերելքի մեկնարկային նպաստավոր դիրքում ենք այսօր: Եվ որպեսզի վերելքը լինի թռիչքային, մեզ պետք է վերակազմակերպում Սփյուռքում, արդարություն, ժողովրդավարություն եւ ազգային հզոր կազմակերպվածություն Հայրենիքում ու վերջապես միեւնույն նպատակի ու գերխնդիրների շուրջ համախմբվածություն, միասնականություն»,- նշել է Մարգարյանն ու անդրադարձել Սփյուռքի խնդիրներին. «Սփյուռքը նոր իրականություններ է դիմագրավում, գլոբալիզացիայի արդյունքում համայնքային կազմակերպված կյանքից հեռանում են ու հետզհետե օտարանում ավելի մեծ թվով հայորդիներ, մասնավորաբար` երիտասարդներ: Կազմակերպված գաղութներում տեղի են ունենում ներքին նոր տեղաշարժեր` առաջացնելով նոր պահանջներ: Ի հայտ են գալիս նոր եւ հետեւաբար անկազմակերպ գաղութներ, որոնք պետք է մաս կազմեն հայկական ուժականության: Եւ մենք չենք կարող անտարբեր լինել նրանց նկատմամբ: Ցավոք սրտի, նաեւ ականատես ենք դասական Սփյուռքում հաստատված նոր հայերի, որոնք համարկումի խնդիր ունեն կազմակերպված մեր համայնքների հետ, իսկ մեր համայնքները՝ այդ հայորդիներին իրենց գրկի մեջ ընդունելու խնդիր»:
Ըստ Մարգարյանի՝ հայ ժողովուրդը պետք է համախմբվի համահայկական օրակարգերի շուրջ: .
Այդ օրակարգերն են.
ա) Հայկական Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղված մեր երթին տալ նոր ուժականություն: Նպատակը` մինչեւ Մեծ Եղեռնի 100-ամյակ հասնել Ցեղասպանության միջազգային ճանաչման, պարտավորեցնել Թուրքիային ընդունելու եւ տեր կանգնելու իր պատասխանատվությանը:
բ) Սփյուռքում կուտակած բարոյական կապիտալով մասնակից լինել, դերակատար դառնալ Հայաստանի Հանրապետության պետականաստեղծ ու քաղաքական կյանքին: Այս առիթով արդեն հնչեցրել ենք համահայկական Ազգային Ժողովի կազմության առաջարկություն:
գ) Քաղաքական կազմակերպված աշխատանքով ստեղծել միջազգային նպաստավոր հանրային կարծիք Արցախի, Ջավախքի հարցերով: Տեղական ազդեցություններն օգտագործելով` նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացման, նրա տնտեսական եւ ընդհարապես զարգացման համար:





























