«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը սեպտեմբերի 8-ին Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներ՝ սեպտեմբերի 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, 23-ին եւ 24-ին զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին:

Ըստ իրազեկումների՝ նախատեսվում է զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնել Մատենադարանին հարող տարածքում, որոնք կմեկնարկեն հանրահավաքով եւ կավարտվեն երթով:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ իրազեկումները քննարկվել են սեպտեմբերի 10-ին, Երեւանի քաղաքապետարանում' իրազեկումների հեղինակի բացակայությամբ, եւ Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Արտակ Զեյնալյանի՝ սեպտեմբերի 19-ին, 20-ին, 22-ին, 23-ին եւ 24-ին Մատենադարանին հարող տարածքում զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին իրազեկումները: Միաժամանակ, քաղաքապետարանը արգելել է. սեպտեմբերի 21-ին զանգվածային միջոցառման անցկացումը՝ պատճառաբանելով, թե նույն տեղում, նույն ժամին մեկ այլ միջոցառում է լինելու: