Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ ռուսական իշխանությունները 60 հազար եվրո փոխհատուցում պետք է վճարեն Տատյանա Շմելովային, որի որդուն ոստիկանությունում ծեծելով սպանել են։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով ՄԻԵԴ կայքում տեղ գտած հայտարարությունը։

Դատարանի վճռով՝ ոստիկանության աշխատակիցների գործողությունները խախտել են Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան (կյանքի իրավունք եւ անմարդկային ու արժանապատվությունը խոցող վերաբերմունքի արգելք)։ Գումարը պետք է վճարվի 3 ամսվա ընթացքում։

2014 թվականին Սանկտ Պետերբուրգի դատարանը ընդունել էր մեղադրանքը, որի համաձայն՝ 2010 թվականի աշնանը ՆԳՆ նախկին 6 աշխատակից ձերբակալված Դենիս Վիրժիկովսկուց ծեծի միջոցով ցուցմունք էին պոկել, որի հետո նա մահացել էր։ 2 ոստիկան դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման, մյուսները պայմանական ազատազրկում էին ստացել։ 2015-ին Սանկտ Պետերբուրգի դատարանը մերժել էր Տատյանա Շմելովայի հայցը 2 մլն ռուբլի փոխհատուցման գործով։