Կիպրոսի Hello Group ֆինանսական ընկերությունը կղզու պատմության մեջ առաջին անգամ կրիպտոարժույթի վաճառքի «բանկոմատ» է ներկայացրել, հայտնում է Cyprus Mail պարբերականը:

Համանման առաջին սարքը տեղադրվել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում:

Ընկերությունում նշել են, որ սարքը կրիպտոարժույթ ձեռք բերել ցանկացող յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս այն հեշտ եւ անվտանգ միջոցով ստանալ: «Բանկոմատը» ուղիղ կապով կապված է առաջատար համաշխարհային կրիպտոարժույթի բորսաների հետ, որը թույլ է տալիս կրիպտոարժույթի փոխանակումը կատարել լավագույն «փոխարժեքով»:

Սարքը տեղադրվել է Լիմասոլի կենտրոնի սրճարաններից մեկում, որն ավանդաբար գրավում է մեծ թվով զբոսաշրջիկների, բիզնեսմենների, ինչպես նաեւ տեղացիների: Ընկերության տերերը համոզված են, որ հաշվի առնելով աշխահում կրիպտոարժույթի աճի տեմպերը՝ սարքը մեծ տարածում կգտնի:

«Ինչպես նախկինում, կրիպտոարժույթը Կիպրոսի համար համեմատաբար նոր թեմա է, այս պատճառով բիթքոինների վաճառքի բանկոմատի տեղադրումն անպայման ուշադրություն կգրավի այս արագ զարգացող ոլորտի վրա»,- նշել են ընկերությունում: