Հայաստանը մեծ նշանակություն է տալիս հումանիտար ոլորտում Ռուսաստանի հետ գործակցությանը: Այդ մասին սեպտեմբերի 11-ին հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԱՊՀ երկրներում Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱՊՀ գործերով դաշնային գործակալության ղեկավար Ֆարիդ Մուխամետշինի հետ հանդիպմանը:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը Երեւան է այցելել՝ այս օրերին Հայաստանում անցկացվող «Ռուսական խոսքի օրերի» շրջանակում, որն իրականացվում է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների բարձր հովանավորությամբ:
Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ «Ռուսական խոսքի օրերի» անցկացումը մեր երկրում դառնում է բարի ավանդույթ եւ հումանիտար ոլորտում երկկողմ համագործակցության անբաժանելի մասը: Կողմերը հատուկ շեշտել են ռուսաց լեզվի դերը` որպես միջմշակութային հաղորդակցության կարեւոր միջոցի: Նախագահն ասել է, որ ռուսերենի դասավանդումը Հայաստանի բոլոր միջնակարգ ուսումնական հաստատություններում համարվում է պարտադիր, նաեւ քայլեր են ձեռնարկվում բուհերում ռուսաց լեզվի դասավանդման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:
Սերժ Սարգսյանը մեծ նշանակություն է տվել հումանիտար ոլորտում գործակցությանը եւ ընդգծել, որ այն նպաստում է երկու ժողովուրդների էլ ավելի մերձեցմանը, հոգեպես հարստացնում եւ ամրապնդում է երկու երկրների բարեկամությունը:




























