Գլոբալ տաքացման պատճառով առաջացող համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման հետեւանքով հարյուրամյակի վերջին հնարավոր է, որ ԱՄՆ-ն միայն Արեւելյան առափնյակում զրկվի պատմական ժառանգության 13 հազարից ավելի օբյեկտներից: Այսպիսի կանխատեսմամբ են հանդես եկել ամերիկացի մի խումբ գիտնականներ, որոնց ղեկավարում է Թենեսիի համալսարանի հնէաբան Դեւիդ Անդերսոնը, հայտնում է The Hill պարբերականը:

Նրանք հետազոտությունն իրականացնելիս հիմնվել են ՄԱԿ կլիմայի փոփոխության հարցերով փորձագետների Միջկառավարական խմբի գնահատականների վրա, որոնց համաձայն՝ 2100 թվականին օվկիանոսի մակարդակի բարձրացումը կկազմի մոտ 1 մետր, իսկ հաջորդ մի քանի հարյուրամյակներին՝ 5 մետր:

«Օվկիանոսի մակարդակի միայն 1 մետրով բարձրանալու դեպքում ջրի տակ կանցնեն ԱՄՆ Արեւելյան առափնյա մոտ 13 հազար հնագիտական պեղումների վայրեր, հնագիտական եւ պատմական տեսարժան վայրեր»,- նշված է խմբի զեկույցում:

Գիտնականները նշել են, որ եթե օվկիանոսի մակարդակը բարձրանա 3 եւ ավելի մետրով, ապա, հնարավոր է, ջրի տակ անցնեն ամերիկյան հողում եվրոպացիների առաջին բնակավայրերը՝ Ջեյմսթաունը եւ Սենթ Օգասթինը, նույն կերպ եւ Ֆլորիդայում Կանավերալ հրվանդանի վրա գտնվող ամբողջ տիեզերակայանը: