Որպես կանոն՝ հայերը հիմնականում ճարպոտ կամ կոմբինացված մաշկ են ունենում, ինչը նշանակում է, որ հատկապես ճարպոտ մաշկի դեպքում հատուկ խնամք է անհրաժեշտ իրականացնել։ Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց բժիշկ-մաշկաբան Գայանե Վարդանյանը։

Նրա խոսքով, մաշկի հանդեպ ավել հոգատար եւ կանոնակարգված խնամք պետք է իրականացնել հատկապես ձմռան ամիսներին։ «Ձմռանը, ինչպես հայտնի է, մաշկը չորանում է, թեփոտվում, ինչը նշանակում է, որ մաշկին հավելյալ խոնավեցում եւ սնուցում է հարկավոր։ Մաշկը կարող է չորանալ ինչպես եղանակային սուր պայմաններից, այնպես էլ, ասենք, տանը չափից դուրս բարձր ջերմաստիճանից կամ չափից դուրս տաք ջրով լոգանք ընդունելուց»,- նշեց մաշկաբանը։

Մաշկի հետ կապված խնդիրներից խուսափելու համար նա խորհուրդ տվեց նույնիսկ ձմեռային ամիսներին օգտվել արեւապաշտպան քսուքներից։ «Մենք ապրում ենք բարձրլեռնային գոտում, ուր արեւն անգամ ձմռանը բավական զգալի է։ Հետեւաբար SPF-երով արեւապաշտպան քսուքները մեզ՝ հայերիս, պետք են նաեւ այս ամիսներին»,- ասաց Գայանե Վարդանյանը։

Անդրադառնալով հայերին առավել բնորոշ մաշկային խնդիրներին՝ մաշկաբանն առանձնացրեց հատկապես կորյակները։ «Մեզ այս հարցով բավական շատ մարդիկ են դիմում՝ հիմնականում պատանիներ։ Բայց կան նաեւ այնպիսիները, ովքեր մասնագետի մոտ գալիս են, երբ «դանակը ոսկորին է հասնում»։ Այդ մարդիկ սիրում են գործի դնել իրենց ձեռքերը, այսինքն՝ կորյակները սեղմում են, ինչն, իհարկե, հանգեցնում է հավելյալ դժվարությունների»,- նշեց մաշկաբանը՝ խորհուրդ տալով խնդիրների դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել եւ դիմել մասնագետի։

Ամփոփելով՝ Գայանե Վարդանյանն ավելացրեց, որ վերջին տարիներին, ի տարբերություն կանանց, մաշկի խնդիրներով իրենց են դիմում նաեւ տղամարդիկ։ «Արական սեռի ներկայացուցիչները եւս վերջին ժամանակներս մտահոգվում են իրենց արտաքինով եւ ձգտում են լավ տեսք ունենալ»,- ընդգծեց նա: