Հայաստանում Բուլղարիայի դեսպան Տոդոր Ստայկովը պաշտոնապես Հայաստանի ազգային արխիվին է վերադարձրել մեծ քանակությամբ փաստաթղթերի պատճեներ, որոնք վկայում են 20-րդ դարի սկզբին հայկական ազգային ազատագրական շարժման հերոսներ Գարեգին Նժդեհի եւ Անդրանիկ Օզանյանի գործունեության մասին: Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ում լույս տեսնող «Ասպարեզ» թերթը: Ավելի վաղ այդ փաստաթղթերը պահպանվում էին Բուլղարիայում` Վելիկո Տրնովի անվան ռազմական պատմության թանգարանում:
«Նման փաստաթղթերը երկրի պատմության մի մասն են եւ մենք, օրենքի համաձայն, վերադարձրել ենք դրանց պատճեները: Ես նաեւ իմ երախտագիտությունն եմ ուզում հայտնել Հայաստանի մշակույթի նախարարին՝ համագործակցության համար»,- ասել է Ստայկովը:
Իր հերթին, Բուլղարիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասերյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի կառավարությանը` այդ հարցում կատարած հետազոտությունների համար: «2010 թվականը հայտարարվել է „Հայաստանի եւ Բուլղարիայի տարի“: Մենք նախատեսում ենք ցուցադրել Մատենադարանում պահվող եւ Բուլղարիային վերաբերվող փաստաթղթեր»,- ասել է Մանասերյանը:
Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն էլ նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է նաեւ Բուլղարիայի արխիվներում պահվող Առաջին համաշխարհային պատերազմի եւ ցեղասպանության ժամանակվա հայերին առնչվող փաստաթղթերով:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Օզանյանն ու Գարգին Նժդեհը 1912-13 թթ Բուլղարիայի բանակում մասնակցել են Առաջին բալկանյան պատերազմին՝ ընդդեմ Օսմանյան կայսրության: Նրանք 1912-ին 300 հոգանոց հայկական կամավորական գունդ են ստեղծել, որը հերոսաբար կռվել է թուրքերի դեմ:
Նժդեհը ցուցաբերած հերոսության համար բուլղարական եւ հունական պարգեւներ է ստացել, ինչպես նաեւ՝ «Բալկանյան ժողովուրդների հերոս» կոչումը: Անդրանիկը, իր հերթին, Բուլղարիայի կառավարության կողմից արժանացել է բարձրագույն պետական պարգեւի` «Քաջության ոսկե խաչ»-ի, ինչպես նաեւ 3-րդ եւ 4-րդ աստիճանի արծաթե խաչերի: Նրան Բուլղարիայի քաղաքացիություն է շնորհվել եւ թոշակ նշանակվել:




























