Ճապոնիան մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ Լուսին արշավախմբեր ուղարկելու եւ 2020 թվականի վերջին Երկրագնդի բնական արբանյակի շուրջը պտտվող մշտական կայան ստեղծելու  ամերիկյան ծրագրերին: Այս մասին հայտարարվել է դեկտեմբերի 12-ին տիեզերքի յուրացման ռազմավարական շտաբի նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել Տոկիոյում՝ երկրի վարչապետ Սինձո Աբեի նախագահությամբ, հայտնում է Kyodo գործակալությունը:

Ճապոնիայի իշխանությունները, մասնավորապես, մտադիր են հետազոտել միջազգային արշավախմբի կազմում Լուսին ճապոնացի տիեզերագնաց ուղարկելու հնարավորությունը: Տոկիոն մտադիր է իր ավանդն ունենալ այս ծրագրի իրականացման մեջ՝ դրա համար առաջարկելով անօդաչու տիեզերանավերի եւ տիեզերական ճառագայթահարումից պաշտպանվելու իր տեխնոլոգիաները:

ԱՄՆ-ն մտադիր է  Լուսնի շրջանում բնակեցված կայան ստեղծել, որպեսզի այն որպես հենակետ օգտագործի նաեւ Մարս թռիչքների համար: Ծրագրվում է նաեւ Լուսնի մակերեւույթին բազա ստեղծել, որի հանդեպ Ճապոնիան մեծ հետաքրքրություն է դրսեւորում:

Թրամփը մտադիր է ամերիկացիներին Լուսին «վերադարձնել», իսկ վերջում՝ Մարս ուղարկել